ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Հայ ժողովուրդը հասկացել է, թե ո՛ւմ պլանն էր այս պատերազմը և ո՛ր գործակալների ձեռամբ իրականացվեց». Մ. Հայրապետյան, ԳԱԼԱ

ՀՀ վարչապետի  կողմից ստորագրված եռակողմ հայտարարության, դրա  հետևանքների և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է «Պահպանողական» կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի  հետ:

— Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի՝ եռակողմ հայտարարությունը ստորագրելու որոշումը, Ձեր կարծիքով՝ ի՞նչ փոխվեց, եթե հաշվի առնենք փաստը, որ մի քանի օր առաջ իր ուղերձում Փաշինյանը պնդում էր, որ ոչ մի թիզ հող չենք զիջելու հակառակորդին:

— Խայտառակություն, դամոկլյան սուր՝ Հայաստանի պետականության գլխին: Իսկ վարչապետի խոսքերի հակասականությունը և անհամակարգվածությունը ոչ մի արժեք չեն կարող ունենալ այն բանի վրա, ինչին նա հասցրեց իր ապաշնորհ թիմով: Հիմա մեր ազգային ներքին էներգիան պետք է ծախսել ոչ թե մեղավոր ու անմեղ, ճիշտ ու սխալ փնտրելու, այլ առկա իրողությունից նվազագույն կորուստներով ելքեր փնտրելու վրա, ապագայի ռեալիստական մոդելներ մշակելու վրա:

-Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի օր փորձում է հիմնավորել, որ այդ որոշումն ամենաօպտիմալն ու իրատեսականն էր, համոզի՞չ են արդյոք այդ հիմնավորումները:

-Այդ փորձերն իր անձնական խնդիրն են. դրանով պատմությունը կզբաղվի, եթե իհարկե մեր անխոհեմությամբ սա չդառնա մեր պատմության ավարտը, ինչպես մեր Խորենացին կամ ճապոնացի Ֆուկույաման են ձևակերպել: Եվ ոչ մի լումայի արժեք չունեն այդ կամ այլ հիմնավորումները. հիմա հայացքն ապագային է պետք հառել:

— Ի՞նչ սպառնալիքների առջև է կանգնած Հայաստանը, և ինչպե՞ս կարելի է նվազագույն վնասներով դուրս գալ այս իրավիճակից:

— Նախ՝ պետք է սառնասրտորեն արձանագրել, որ այսպիսի սցենարը 100 տոկոսանոց նույնությամբ մեզ հետ Ռուսաստանն արել էր ճիշտ 100 տարի առաջ, նույն ամիսներին: Ռուսաստանը մեր արյամբ և Արցախի սահմանների հաշվին գրավեց Ադրբեջանը: Եվ դա արեց նորից թուրքի ձեռքով, ինչպես ուղիղ 100 տարի առաջ: Այս անգամվա Կարսը Շուշին էր, այս անգամվա Ալեքսանդրապոլը, Աստված չանի, լինելու է Զանգեզուրը: Ինչպես այն ժամանակ Ալեքսանդրապոլը ետ վերադարձրեց մեզ, և մենք գոհ եղանք, որ գոնե դա էլ չնվիրեց Կարսի, Սուրմալուի և Նախիջևանի պես, այսօր էլ փորձելու է նույնատիպ մի խարդավանք իրականացնել ու հետո մեր Զանգեզուրը մեզ վերադարձնել, որ դարձայլ «երջանիկ» լինենք ու իրեն հավերժ «երախտապարտ»:

Այս անգամ չի՛ անցնի. հայ ժողովուրդը հասկացել է, թե ո՛ւմ պլանն էր այս պատերազմը և ո՛ր գործակալների ձեռամբ իրականացվեց: Իսկ Ձեր ասած՝ իրավիճակից նվազագույն վնասներով դուրս գալը, ավելին, պետականությունը չկորցնելը հնարավոր է իշխանության և ընդդիմության՝ ընդհարումներ հրահրող կոչերին չտրվելով (մեր ժողովուրդն ապացուցեց, որ ինքը մի քանի գլուխ ավելի բարձր է, քան իր էլիտաները), առնվազն 3-4 շաբաթ մեղավոր ու անմեղ փնտրելու գայթակղությանը դիմանալով, բոլոր տեսակի բաժանարարներից՝ սև-սպիտակից, նախկին-ներկայից հրաժարվելով, որպեսզի ուժերի կենտրոնացմամբ հնարավոր դառնա Մեղրիի պլանը միասնաբար խափանելը:

Հեղինակ՝ Անահիտ  Չալիկյան

Աղբյուրը՝ ԳԱԼԱ, 13․11․2020թ


Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.