ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Կա 3 հայերեն

Լեզվի երրորդության պատմական հիմքերը։                                                                             

Լեզվի երրորդության մասին առաջին անգամ հանդիպում ենք Ֆեդոնի գրքում՝ Սոկրատեսի կյանքի վերջին օրվա նկարագրության մեջ։ Սոկրատեսը մահապատժի նախօրեին աշակերտների և ընկերների հետ խոսում է հոգու անմահության մասին։ Նա նշանավոր «Անմահության 4 ապացույցները» սկսում է այսպես՝ «կա 3 հունարեն՝ էպոս, լոգոս, մյութոս», որտեղ էպոսը խոսք-զրույցի, պատումի լեզուն է, լոգոսը գիտակարգային, փաստաթղթային լեզուն է, մյութոսը առասպելի լեզուն է։ 

Սոկրատեսի խոսքի շուրջ ծավալվում է փիլիսոփայական բանավեճ։ Աշակերտները, ընկերները, որոնք այդ ժամանակի կրթված մարդիկ էին, վիճում են Սոկրատեսի փիլիսոփայական սահմանումների շուրջ, բայց ներկաներից ոչ ոք չի վիճարկում, որ կա 3 հունարեն։ Հետևաբար՝ լեզվի երրորդության մասին հիմնարար գիտելիքը հելենական աշխարհում ճանաչելի էր նախքան Սոկրատեսը։

Հայաստանը տևական ժամանակ հելենական քաղաքակրթության գոտում է եղել։ Ընտրանին ճանաչել է հունարենով ստեղծված մշակույթը, այդ թվում՝ լեզվի երրորդության մասին հիմնարար գիտելիքը։ Հետևաբար՝ հունարենի նմանությամբ ժամանակին եղել է 3 հայերեն, որոնք պայմանական կանվանենք՝ զրույցի, գիտակարգի, առասպելի։ Առասպելի լեզվով գրվել են առասպելները, սաղմոսները, աղոթքները, առակները և այլն, գիտակարգի լեզվով՝ օրենքներ, հրամաններ, գիտական տեքստեր, կազմվել են փաստաթղթեր և այլն, զրույցի լեզվով մարդիկ շփվել են միմյանց հետ, վիճել կենցաղային հարցի շուրջ, պատմել, թե այսօր ինչ են կերել՝ խորովածի երեսը վառված-ներսը հո՞ւմ էր, թե՞ հավասար եփված, սովա՞ծ հեռացան հյուրընկալից, թե՞ հագեցած։

Կա՞ն կամ եղե՞լ են արդյոք թագավորի հայերեն, դիվանագետի, բանվորի, հոգևորականի, զինվորի, գործարարի, գյուղացու, քաղաքացու հայերեն, պատգամավորի, բժշկի, գողականի, իջևանցու հայերեն, ազնվականի հայերեն, տարեց մարդու, աշակերտի, ուսուցչի, ծնողի հայերեն։ Ոչ, չկա այդպիսի բաժանում։ Մարդն՝ անկախ դասից, կաստայից, տարիքից, սեռից, մասնագիտությունից առասպելը պատմել-գրել է առասպելի հայերեն, փաստաթուղթը կազմել է, գիտական ելույթն ունեցել գիտակարգի հայերեն, իսկ զրույցի լեզվով պատմել է իր կամ ուրիշի կյանքն ու արկածները։

Ե՞րբ և ինչպե՞ս խառնակվեցին 3 հայերենները։                                                        

Վերածնունդը հայ կյանք մտավ ուշ։ 19-րդ դարում Ֆրանսիական Մեծ հեղափոխության գաղափարները, Բոնապարտիզմը, պահպանողական, ազատական և սոցիալիստական գաղափարները, կայսրությունների կործանման ընթացքը, բախտակից, հարևան ժողովուրդների անկախական, ժողովրդավարական շարժումներն ու նոր պետությունների ձևավորումները ազդում էին հայ մտքի վրա։

19-րդ դարում է գրվել «Սասունցի Դավիթը» (1874թ. այն հրապարակվում է «Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ» վերնագրով), որն, ըստ էության, առասպել է, բայց կոչվում է էպոս։ Պատումի-զրույցի-էպոսի մեջ բառերն իրական իմաստով են կիրառվում։ Առասպելում՝ խորհդանշական, ռեալ իմաստով։ Էպոսի-պատումի հայերենում Առյուծաձև Մհերը Մհեր անունով մի մարդ է, որն առյուծ է սպանել և դրա համար նրան ասում են՝ Առյուծ Մհեր։ Առասպելի լեզվում Մհերը արևի աստվածն է (Միտրա-Միհր-Մհեր), առյուծաձևը նշանակում է արևանման։

Առասպելը հոգևոր լիցք է պարունակում, քաղաքակրթական ցուցիչ է կամ հավակնություն, որը կարող են ունենալ կայսրությունը, պետությունը կամ անկախության համար պայքարող, առնվազն՝ անկախություն երազող ժողովուրդը։ Պետականազուրկ կամազուրկ հանրույթն առասպել չունի։ Հայ ժողովուրդն այդ թվերին թուրքահպատակ կամ ռուսահպատակ էր, անկախություն չէր ուզում։ Հետևաբար՝ չէր կարող ունենալ առասպել, բանակ, արժույթ, հիմն և ազգային-պետական այլ որոշիչներ, բայց կարելի էր պատմել-գրել ժողովրդի կյանքի, իրադարձությունների, սովորույթների, բնավորությունների, ծռությունների մասին։

Ենթադրություն՝ ա/ գրողն ու հանրայնացնողը (Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանց, «Արծվի Վասպուրական») նպատակ են ունեցել բարձրացնելու հայ ժողովրդի ազատագրական ոգին, ժողովրդին ոգեշնչելու անկախության գաղափարով։ Գրվածքը սկզբնապես չի կոչվել էպոս։ Այն հետագայում անավանել են էպոս, վերաշարադրել բարբառով՝ ստեղծագործությանը ժողովրդականություն հաղորդելու, ժողովրդին հասկանալի դարձնելու համար։

Ենթադրություն՝ բ/ եթե կոչվեր առասպել, ապա բռնակալները (սուլթանը, ցարը, հետագայում՝ սովետը) կարգելեին այդ գրվածքի հրատարակումը, տարածումը և կհալածեին հեղինակներին ու հանրայնացնողներին, մեղադրելով անջատողականության մեջ։ Այդ քաղաքական ճնշումներից խուսափելու համար առասպելն անվանել են էպոս։

Այսպես՝ էպոսի հայերենը խառնվեց առասպելի հայերենի հետ, և անունով՝ էպոսը, բայց, ըստ էության, առասպելը շատերը կարդում էին, այսօր էլ կարդում են էպոսի-պատումի-զրույցի հայերենով, ստվերելով առասպելի իմաստը, հոգևոր արժեքը։

Հայերենների մեծ խառնակումը տեղի ունեցավ խորհրդային բռնազավթման տարիներին։ Կոմունիստական քարոզչությունը մերժում էր հոգևոր գիտելիքը։ Առասպելը որակվում էր սուտ, կեղծիք, դատարկաբանություն։ Արգելվում էր առասպելի լեզվով տեքստ գրել-կարդալը։ Սովետում գիտակարգի տեքստի լեզուն կոչվեց գրական հայերեն։ Կար նաև խոսակցական հայերենը՝ կենդանի շփման, հաղորդակցման լեզուն, որն ըստ էության զրույցի-պատումի-էպոսի հայերենն էր։ Այսպիսով՝ 3 հայերեններից մնացին 2-ը՝ զրույցի-պատումի հայերենը՝ խոսակցականը և գիտակարգի հայերենը՝ գրականը։ Սովետական սոցռեալիստական գրականությունը ևս գրվում էր գիտակարգի լեզվով (գրական հայերեն) և պատկերում սոցիալիստական իրականությունը, քարոզում կոմունիստական «արժեքներ»։ Գրական հայերեն էին գրում, կարդում ելույթը, պլենումի ծրագիրը, վարում ասուլիս, պատմում խորովածի բաղադրատոմսը և այլն։ Խոսակցական հայերեն էին վարում ընկերական զրույցը, պատմում խուժան անեկդոտ, բանակից ազատվելու կոռուպցիոն պատմությունը և այլն։ Խոսակցական հայերենն ու գրական հայերենը տարբերվում էին կազմությամբ, հնչողությամբ, բառապաշարով։ Օրինակ՝ խոսակցականում կար «ա» օժանդակ բայը, որը գրականում չկար։

1991-ին Հայաստանն անկախացավ։ Վերացվեցին հոգևոր արգելանքները, վերացվեց գրաքննությունը, ազատություններ ձեռք բերվեցին՝ խոսքի, խղճի և այլն։ (1991-ից մինչ օրս առասպել չի գրվել։ Օբյեկտիվ պատճառն այն է, որ առասպելի հայերենը չկա։) Հայերենները որոշակի մաքրվեցին ռուսաբանությունից։ Պետական, քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնյաները, բացառությամբ նախկին մի քանի դաշտային հրամանատարների և թաղային հեղինակությունների, պաշտոնական ելույթներում, ասուլիսներում խոսում էին գրական հայերեն մինչև 2018-ը։ Բացառություն կազմողներն իրենց ելույթներն ու տեքստերը ներկայացնում էին խոսակցականով, ձևացնելով՝ թե «կուլտուրական» չեն։ 2018-ի Թաշվյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո, պետական, քաղաքական, մշակութային գործիչների մեծամասնությունը, տուրք տալով պոպուլիզմին, ելույթները, պաշտոնական տեքստերը ներկայացնում են խոսակցական հայերեն, արհամարհելով գիտակարգի լեզուն։ Եթե այս մոտեցումը դառնա նորմ, ապա տեսանելի ապագայում 3 հայերեններից (զրույցի, գիտակարգի, առասպելի) կմնա 1-ը՝ զրույցի հայերենը։ Սա նշանակում է, որ  չենք ունենա հայերեն իրավական փաստաթուղթ, խաղաղության պայմանագիր, գիտական տեքստ, դասագիրք, կրթություն, գիտություն, քաղաքականություն, առավել ևս՝ մշակույթ, աղոթք, երգ, պոեզիա, առասպել, այլ միայն զրույց քաղաքացու հետ։

3 հայերենների պահպանման և զարգացման նշանակությունը։                            

Պատմահայրը «Հայոց պատմությունը» հիմնում է «Հայկ և Բել» առասպելով, որը մինչ օրս հոգևոր լիցք է հաղորդում հայերիս։ (Ի դեպ՝ «Մատանիների տիրակալը» եռաֆիլմը, «Գահերի խաղը» սերիալը գրված են առասպելի լեզվով, արտահայտում են Արևմտյան քաղաքակրթության գաղափարները։) Ընդհանրապես՝ գրական արժեքավոր ստեղծագործությունների մեծ մասը գրվել են, գրվում են առասպելի լեզվով։ Եվ եթե արվեստի, մշակույթի արժեքավոր գործեր ստեղծելու ազգային, քաղաքակրթական խնդիր կա, ապա պետք է վերականգնել առասպելի հայերենը, այն ճանաչելի դարձնել ուսանողին։ Հատկապես նրան, որը վաղը կարող է դառնալ գրող, ռեժիսոր, նկարիչ, երաժիշտ, հոգևորական, փիլիսոփա։

Պետությունը մշակույթի բարձրակետն է։ Պետության հիմնասյուններն՝ օրենքը, սահմանդրությունը, արժեքները, գրվում են ու ներկայացվում գիտակարգի լեզվով՝ լոգոսով։ (Գիտակարգերի մեծ մասի անվանումներում «լոգ» բառարմատը նշանակում է, որ այդ բանի մասին գրված-ներկայացված է գիտակարգի լեզվով, և այն հարկ է կարդալ այդ լեզվով։) Արժեքներով և օրենքներով են սահմանվում և պահպանվում հասարակական հարաբերությունները։ Եթե զրույցի-պատումի մեջ բառն իրադարձություն կամ հույզ է պատկերում և կարող է փոխարինվել հոմանիշով կամ նույնիսկ՝ նվնվոցով ու գղգղոցով, ապա գիտակարգի լեզվում բառը ռացիոնալ արժեք ունի, փոխարինելի չի։ Օրինակ՝ իրավաբանության մեջ կան օրենքի տառ և ոգի։ Փոխիր մեկ բառ, մեկ շեշտ քրեական հոդվածում և կարող ես արդարացել հանցագործին կամ մահապատժի ենթարկել անմեղին։ Փոխիր սահմանադրության մեջ մի քանի բառ և կապրես ուրիշ երկրում։ Փոխիր «Ազատ-անկախ Հայաստան» կարգախոսի մեջ մեկ բառ և ազատագրական շարժումը կվերածես արդարության համար պայքարի։ Գիտակարգի հայերենով է գրվում-ներկայացվում քաղաքական գործչի, գիտնականի, մասնագետի ելույթը, գիտական տեքստը, պայմանագիրը, փաստաթուղթը, դեղատոմսը և այլն։ Դեղատոմսի մեջ տառ-թիվ-հնչյուն փոխվելը վատ հետևանք կարող է ունենալ պացիենտի համար։ Գիտակարգի հայերենի վերականգնումը կխթանի գիտական, քաղաքական, հասարակական առաջընթացը։ Մասնավորապես՝ օրենքի տառն ու ոգին պահպանելը իրավական պետության գոյության անհրաժեշտ պայմանն է։ Հետևաբար՝ գիտակարգի հայերենի վերականգնումն ու պահպանումը ազգային անվտանգության խնդիր է։ Եվ այն գործիչը, որը քաղաքական կամ գիտական թեմայի, հարցի շուրջ գրում կամ ելույթ է ունենում ոչ գիտակարգի հայերեն, այդպիսով խախտում է լեզվի երրորդության սկզբունքը, հարվածում պետության հիմքերին, ծնում անվտանգության խնդիր։

Զրույցի հայերենը կարևոր նշանակություն ունի ժողովրդի, որպես կենդանի օրգանիզմի, գոյության և առաջընթացի, մարդկային հարաբերությունները կառուցելու, պահպանելու և զարգացնելու համար։ Եվ ով չի տիրապետում զրույցի հայերենին, կարող է միայնակ մնալ, ինչը մարդկային ողբերգություն է։ Հետևաբար՝ զրույցի հայերենի պահպանումն ու հարստացումը մարդկային և հանրային երջանկության գրավականն է։ Իսկ համախառն ներքին երջանկության աճը վերջին տասնամյակում համարվում է ազգային առաջընթացի ցուցիչ ։

Վերջաբան։                                                                                                                                         

Կա՞ն ժողովուրդներ, որոնք առասպել չունեն, առասպելի լեզու չունեն, այդ լեզվով երգ, աղոթք, լեգենդ, հեքիաթ չունեն։ Այո՛։ Մարդու համար հոգին նույնն է, ինչ ժողովրդի համար առասպելի լեզվով տեքստը։ Հետևաբար՝ առասպել չունեցող ժողովուրդը հեգևարքի մեջ է, ձուլման, ուծացման, ոչնչացման ճանապարհին։

Կա՞ն ժողովուրդներ, որոնք օրենք չունեն, արժեքներ չունեն, գիտակարգի-փաստաթղթի լեզու չունեն և այդ լեզվով ոչինչ չունեն։ Այո՛։ Բայց նրանց հայրենիքը զավթված է, նրանք պետություն ունենալու և ազգ դառնալու երազանք, ազգային իդեալ չունեն։ Մարդու համար՝ Կենդանի Աստված, ժողովրդի համար՝ արժեքները, օրենքը, ուխտը, պայմանագիրը, որոնք գիտակարգի լեզվով տեքստեր են։

Կա՞ն ժողովուրդներ, որոնք էպոս, պատում չունեն, հաղորդակցության, զրույցի լեզվով ոչինչ չունեն։ Ո՛չ։ Բայց, տեսանելի ապագայում կարող է ձևավորվել արհեստական բանականությունների հանրույթ, որի անդամները չունենան սիրելիի հետ կիսվելու, թոռանը 2-րդ համաշխարհային պատերազմից կամ Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից պատմելու բան, չիմանան՝ ինչ է մտածում սոված հյուրը, չիմանան, թե մեջը հում-երեսը  վառված խորովածն ինչ համ ունի և այդ մասին չկարողանան պատմել աշխարհին։

Թաթուլ Մկրտչյան

19․05․2020թ․ 
Թաթուլ Մկրտչյանի Ֆեյսբուքի էջից

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.