ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Մենք պարտավոր ենք կողմնորոշվել մեր դաշնակիցների հարցում, այլապես պետության կարգավիճակն իջեցվում է ազգային օջախի կարգավիճակի․ Միքայել Հայրապետյան․ Lragir.am
- 2021-04-02
- / Միքայէլ Հայրապետեան
Մեր զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը
Պարոն Հայրապետյան, Ընտրական օրեսգրքի փոփոխություններով ամբողջական պարզ համամասնական ընտրակարգի անցում կկատարվի։ Ինչպե՞ս եք գնահատում, հնարավո՞ր է այս փոփոխությունների արդյունքում դաշինքով մասնակցեք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Շատ հավանական է. տեսնենք:
Ըստ Ձեզ՝ հանրությանն այս ընտրությունները հետաքրքրո՞ւմ են, և հաղթահարելո՞ւ են քաղաքական ճգնաժամը։
Վստահաբար արտահերթ ընտրությունները, ինչի մասին խոսում ենք ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր, հանրությանը հետաքրքրում են: Սակայն այսքան ուշացնելու պարագայում արդեն սկսել եմ կասկածել՝ գուցե ավելի՞ խորացվեն դիմակայությունները, փոխատելությունը, քաղաքական ճգնաժամը, հանրային ատոմիզացիան՝ հասցնելով նաև քաղաքացիական բախումների, ինչը բացառապես ռուս-թուրք-ադրբեջանական շահից է բխում:
Պարոն Հայրապետյան, որքանով այս ընտրություններն աղերս ունեն այն մարտահրավերների հետ, որոնց առաջ կանգնած է Հայաստանը։ Մասնավորապես, Ալիևը Թյուրքական խորհրդի նիստում խոսել է պատմական հաղթանակի մասին՝ Զանգեզուրի հիշատակումով, նշելով, որ «ադրբեջանական այդ պատմական տարածքը շուտով միավորելու է թյուրքական աշխարհը»:
Ձեր նշած լրջագույն մարտահրավերը պետք է լուծի իշխանությունը, մինչդեռ մեր այսօրվա իշխանությունը, պարտված լինելու հանգամանքով, ցավոք, չի կարող դա անել: Ելքը մնում է նոր իշխանություն ձևավորելը. Իսկ օրինական իշխանությունը ձևավորվում է հիմնականում ընտրություններով:
Սյունիքի հետ կապված անորոշությունը խորանում է։ Ինչպիսի՞ լուծում եք տեսնում։
Այս տարվա դեկտեմբերի 31-ի լույս հունվարի մեկի գիշերն է Պահպանողական կուսակցությունն արձանագրել՝ «2021-ը նժդեհության տարի»: Ուշադրություն՝ ոչ թե նժդեհականության, այլ նժդեհության, այսինքն՝ ինքնամոռաց նվիրման, մտքի ու ոգեղենության: Մենք պարտավոր ենք կողմնորոշվել մեր դաշնակիցների հարցում, այլապես պետության կարգավիճակն իջեցվում է ազգային օջախի կարգավիճակի:
Աղբյուրը՝ Lragir.am, հարցազրուցավար՝ Սիրանույշ Պապյան, 02․04․2021թ