ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Մենք ընդամենը մեկ ամիս ունենք․ Միքայել Հայրապետյան․ «Առավոտ»

Պատմական ճակատագրի եւ աշխարհագրության բերմամբ այնպես է ստացվել, որ Սյունիքն ու Արցախն ավելի երկար են պահել 1045թ.-ից ի վեր կորսված պետականության փշրանքները: Մելիքական կիսանկախ իշխանությունն Արցախում ու Սյունիքում գոյատեւեց մինչեւ ռուսների գալը: Պատմությունն անհետ չի կորչում. այն բնավորություն ու վարք է դառնում: Սյունեցին ու արցախցին ամենից ուշն են հրաժարվում հին իշխանությունից ու ընդունում նորը, բայց եթե ընդունում են այդ նորը, ապա դրա ամենից ինքնամոռաց պաշտպանն են դառնում: Ամենից ուշը հրաժարվեցին հեթանոսությունից, ամենից ուշը հրաժարվեցին Առաջին Հանրապետությունից: Կոմունիստները, ապա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ամենից շատ եւ ամենից չկեղծված ձայները հավաքեցին հենց Սյունիքում, որովհետեւ պետականությունը նրանց էության մեջ կարեւոր բաղադրիչ է: Նրանք հազարամյակներով առավել հակվածություն ունեցան դեպի զենքը, նույնիսկ Առաջին ու Երկրորդ համաշխարհայինների ժամանակ տվեցին ամենից շատ կամավորականները, զորահրամանատարներն ու զինվորները:

Դրան հակառակ՝ արցախցին ու սյունեցին առեւտրի, արհեստների, գյուղատնտեսության ոլորտների հմտությամբ ու հակվածությամբ զիջում էին եւ են դաշտավայրերի հայությանը: Աշխարհագրական դետերմինիզմ է նաեւ:

Ու եթե հիմա վարչապետին, մեղմ ասած, չափազանց սառը ընդունեցին Սյունիքում, ուրեմն խորքային տեղաշարժը կատարվել է: Սթափվել է պետք. հրաժարվել է պետք այն անզիջում զոռբայությունից, որ ցուցաբերում են իշխանությունն ու ատելությամբ լցված ընդդիմության հատվածները: Փոխմերժման, զոռբայության գինը կարող է Հայրենիք արժենալ: Այդպես եղել է մի անգամ ուղիղ 100 տարի առաջ: Իրենց օրվա տեր զգացող դաշնակցական կառավարությունը հեշտությամբ արյան մեջ խեղդեց Մոսկվայից հրահրված բոլշեւիկների մայիսյան ապստամբությունը, եւ իշխանությունը զիջեց միայն այն ժամանակ, երբ արդեն թուրքերին էր հանձնել Կարսի ամբողջ մարզը, Սուրմալուի գավառը, Նախիջեւանը, Գյումրին: Հետեւանքն այն էր, որ Խորհրդային Հայաստանը մնաց առանց Կարսի, Սուրմալուի, Մասսի, Անիի, Նախիջեւանի: Հիմա նույնը կրկնել չի կարելի:

Եթե մենք ժամանակին՝ հեռավոր 1997-ին, երբ հաղթական էինք ու ազդեցիկ ձայնի իրավունքով, ականջալուր լինեինք լրջանալու կոչին, այսօր Արցախի շրջաններն ամբողջությամբ հայաբնակ կլինեին, իսկ Քարվաճառի (Քելբաջար) եւ Բերձորի (Լաչին) շրջանները կմնային երկարատեւ բանակցության առարկա, ու այժմ Ալիեւը՝ մեր վարչապետի ասած կիրթ մարդը, չէր հոխորտա Սյունիքի մասին: Ի դեպ, մենք ինքներս այսօր մեր այս անզիջում զոռբայությամբ գրեթե իրականություն ենք դարձնում Ալիեւի սյունիքյան պլանը, ինչպես 100 տարի առաջ նույն պատճառով իրականություն դարձրինք Կարսի, Սուրմալուի, Անիի, Մասսի, Նախիջեւանի նրանց պլանը:

Ազգային համաձայնությունը հունիս-հուլիս ամիսներին կարող է արդեն շատ ուշ լինել, անդառնալիորեն ուշ: Մենք ներհայաստանյան ամենաիրական քաոսի, կազմաքանդման շեմին ենք, ինչից չեն հապաղի օգտվել թուրքական երազանք եւ հնարավորություն ունեցողները, մանավանդ երբ կողքին Ռուսաստանի պես եղբայր ունեն: Մենք ընդամենը մեկ ամիս ժամանակ ունենք, որպեսզի քաոսի ու նախընտրական այս վայրի գահավիժումը կանգնեցնենք եւ մեր ուժերի հաշվառում ու համահավաք իրականացնենք, վերանայենք ռազմավարական մեր դաշնակիցների իրեն չարդարացրած շրջանակը:

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ

Աղղբյուրը՝ «Առավոտ» օրաթերթ

27.04.2021թ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.