ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն հստակ ուղերձ հղեց Սյունիքի մարզի հարցով. մեր քաղաքական մտքից ու խիզախումից է կախված ամեն ինչ․ Միքայել Հայրապետյան․ Lragir.am


Lragir.am-ի Մեր զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

Պարոն Հայրապետյան, ԱՄՆ–ի կողմից ցեղասպանության ճանաչումը ի՞նչ հեռանկարներ է ստեղծում Հայաստանի համար, մասնավորապես անվտանգության առումով։

Հայաստանի համար ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների, ապա և՝ նախագահ պարոն Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ այնքան անցյալին, որքան ներկային և ապագային վերաբերող ուղերձ էր: Ըստ այդմ՝ ԱՄՆ-ն իրոք ստանձնում է մեր պետության անվտանգության մի ամենակարևոր չափաբաժին, այն է՝ զսպաշապիկ դեպի Հայաստան ուղղված թուրքական ախորժակի դեմ: Այլ հեռանկարների մասին վաղ է խոսելը, քանի որ այժմ բացառապես մեր քաղաքական մտքից և խիզախումից է կախված, թե ինչպես կօգտվենք ընձեռված հնարավորությունից:

Տեսակետ կա, որ ԱՄՆ վարչակազմը ձգտում էր չմիջամտել Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը, բայց հիմա դառնում է լիարժեք խաղացող տարածաշրջանում և տարածում է իր ազդեցությունը ոչ միայն Սիրիայի քրդերի, այլ նաև Ղարաբաղում վիճելի տարածքների վրա։ Համամի՞տ եք։

Թույլ տվեք մի փոքր չհամաձայնել: ԱՄՆ-ն, բացի 2020թ. նախընտրական՝ թրամփյան մի կարճ ժամանակահատվածի, միշտ էլ ակտիվ դերակատարում է ունեցել ԼՂ հակամարտության հարցում: Ավելին՝ ոչ թե Թուրքիայի հետ այժմյան որոշ և շտկելի հակասություններն են պատճառը, որ ճանաչվեց Հայոց ցեղասպանությունը, կամ ՀՀ-ում ԱՄՆ տիկին դեսպանը այցելելով Սյունիք՝ հստակ ուղերձ հղեց, թե դա ՀՀ անկապտելի սահմանն է ԱՄՆ-ի համար, այլ համաշխարհային միակ գերտերության արժեքային համակարգը. Մենք հաճախ ենք մոռանում, որ ԱՄՆ-ն իր ստեղծման օրվանից ցայսօր իդեալներ և անսակարկելի արժեքներ ունեցող տերություն է՝ ի տարբերություն գաղափարազրկության բավիղներում դեգերող Ռուսաստանի: Թերևս խնդիրն այն է, որ ԱՄՆ-ն հիմա նոր թափ կհաղորդի Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում իր ակտիվությանը, քանի որ օգտվելով Թրամփի վարած փափուկ քաղաքականությունից՝ ռուսներն ու թուրքերը որոշել էին, որ արդեն դրության տեր են և կարող են իրենց ցանկացածն անել պետությունների և իրավազրկված ժողովուրդների ճակատագրերը որոշելիս, ինչը մեկ անգամ արդեն արել էին ուղիղ 100 տարի առաջ:

Կրեմլի կեցվածքը, արձագանքը ի՞նչ էր նշանակում, Պեսկովը նշել է, որ դա ԱՄՆ–ի ներքին գործն է:

Խեղճ Կրեմլ, խեղճ Պեսկով: Ուրիշ ի՞նչ կարող էին ասել կամ անել: Հիմա եթե կարող են, թող քաղաքակիրթ Արևմուտքից արդեն հարյուրին մոտեցող իրենց վտարված դիվանագետների հարցը լուծեն, Դոնբասի սահմաններին մոտեցած ու Սև ծովում կուտակած զինուժի ամոթահար հետքաշումը պատճառաբանեն: Չեմ կարծում, թե մարգարիտասիմոնյաններն ու սոլովյովները կարող են մայրամուտն արևածագի վերածել: Ռուսաստանը շփոթահար է այժմ: Հիշենք, որ Հայոց ցեղասպանության մեջ Նիկոլայ ցարի վարած քաղաքականության պատիժը նրա և իր ընտանիքի համար երկնային եղավ: Համբերենք և կտեսնենք մեր հազարավոր պատանի զոհերի և հայրենի Արցախի մեծագույն մասի կորստի համար նույնատիպ հատուցումը:

Ընդհանրապես այս զարգացումները որքանո՞վ կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական զարգացումների, մասնավորապես ընտրությունների վրա։

Մի քիչ կասկածում եմ, թե կոնկրետ այս արտահերթի (եթե այնուամենայնիվ լինի) ժամանակ լուրջ ազդեցություն կունենա ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կենսաբեր ակտիվությունը, քանի որ Ռուսաստանն այստեղ կենաց-մահու կռիվ է տալու, և նոր խորհրդարանը ևս կազմվելու է բացառապես ռուսական ազդեցության գործակալներից՝ բացահայտ կամ քողարկված, եթե չհաջողվի բեկում մտցնել մեր քաղաքական մտքի, պետության քաղաքական օրակարգի, տեսլականի, առաքելության մեջ:

Հարցազրուցավար՝ Սիրանույշ Պապյան, 28․04․2021թ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.