ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Նոր Հոկտեմբերի 27-ի վտանգ կա. ՌԴ-ից անկախանալու խնդիր ունենք. Միքայել Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ․ 

-Պարո՛ն Հայրապետյան, Դուք նշում եք, որ հանուն պետական շահերի՝ Հայաստանը պետք է խոսի նաև թուրքերի հետ՝ չսպասելով, որ դա մեր փոխարեն անի այլ պետություն, օրինակ՝ Ռուսաստանը։ Այսօրվա իրերի դրությունից ելնելով՝ այսպիսի հարց․ ՌԴ-ն թույլ կտա՞ ՀՀ-ին Թուրքիայի հետ խոսակցություն սկսել։

-Այնքան վատ եմ զգում, որ այդ բառերն ասեցիք՝ «ՌԴ-ն թույլ կտա՞», երբեք որևէ մեկին ոչինչ թույլ չեն տալիս, նվաճում են։ Փորձեր կան՝ կխփե՞ն այստեղ, «Հոկտեմբերի 27» կանե՞ն։ Հրանտ Մաթևոսյանը ոնց էր ասում՝ թող խփեն գլխիդ, մի անգամ էլ դեմ տուր, բայց մի կռացի, մինչև իրենց բռունցքը կցավի։ Ամրություն, որձություն ունե՞նք, թե՞ իգականության է գնացել մեր վարմունքը, ապրելակերպը։ Իհարկե՝ կուզեմ, որ Թուրքիայի հետ սահմանը բացվի, բայց ոչ թե նրա համար, որ ապրանքը շատ ավելի էժան կլինի, ո՛չ, դրա քաղաքական և հոգևոր մասն է՝ մենք որտեղո՞վ կկապվենք ցամաքային մասով, ՆԱՏՕ-ական աշխարհի հետ ելումուտ կունենա՞նք, թե՞ չէ։ Տնտեսությունը միշտ ածանցյալ է, երբ միայն որովայնով են չափում։

-Երբ ՀՀ-ն սկսի բացառապես իր պետական շահերից բխող արտաքին քաղաքականություն վարել, Դուք այդտեղ վտանգ կտեսնե՞ք։ Կոնկրետ ինչ վտանգ է առկա, որ կրկին կգլխատվի՞ Հայաստանի ղեկավարությունը։

-Տեսնում եմ, ես դա կհամարեի վճարը, որ մենք գնում ենք դեպի անկախության։ Ինձ և ինձ նմաններին չհաջողվեց ԱԺ-ի այս ընտրությունները վերածել ՀՀ անկախության հանրաքվեի, մենք անկախացման և պետականության վերականգնման խնդիր ունենք։ Մեր այսօրվա պետականությունը բավականին իշխանազրկված է։ Մենք ՌԴ-ից անկախանալու խնդիր ունենք, և դրա համար, իհարկե, վճար ունենք, իհարկե՝ պետք է վճարենք։

-Այս հարցը հատկապես դաշնակցականները կարող են տալ Ձեզ՝ հարաբերություն հաստատել Թուրքիայի հետ, բայց ի՞նչ գնով։ Օրինակ՝ Ալիևը որպես ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագրի պայման ներկայացնում է Արցախը իր մաս ճանաչելը պաշտոնական Երևանի կողմից։ Ի՞նչ գին է պահանջվում և ի՞նչ գին կարող է վճարել ՀՀ-ն:

-Գինը իրենք 100 տարի առաջ վճարել են իրենց վարած քաղաքականությամբ։ Այնպես որ՝ եթե պատմությունն ուսուցիչ դարձել է իրենց համար, այլևս նման հարց չեն տա։ Իսկ գնի մասին, երբ ասում էր Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին՝ «Խաղաղություն, թե պատերազմ» փառահեղ իր գործի մեջ, քաղաքական մտքի լուրջ ցուցիչ է դա։ Բացեք ժամանակի մամուլը, կարդացեք, ամեն պիտակ կպցրեցին՝ «դավաճանից» սկսած՝ եզակի այդ տաղանդավոր մարդուն։ Սերժ Սարգսյանն ասաց՝ «Աղդամը իմ հայրենիքը չէ», բոլորս հարձակվեցինք նրա վրա։ Այսինքն՝ քաղաքական միտքը մեզ լքել էր, իսկ ո՞ւմ է  լքում։ Ինչպես հայկական ասացվածքն է ասում, չէ՞՝ նախ խելքն են առնում, հետո նոր հոգին։ Մեր խելքը վերցված էր։ Այնքան գներ կան, շատ գներ կան, որ Հայաստանը վճարելով՝ առանց Արցախի շահերին կպչելու, առանց միջանցքի սուվերենություն հանձնելու օտար որևէ կառույցի, լինեն ռուսական «ФСБ»-ի զորքերը, թե համատեղ ռուս-թուրքական զորքեր, կարող է սահման բացել, հարաբերություն ունենալ բոլորի հետ․․․ բանակ ունենալ։ Ռուսական մոդելով մեր բանակը պարտվեց, ինչքա՞ն միջոց ունենք, որ այդ մոդելով ևս մեկ բանակ սարքենք։ Ինչո՞ւ ենք պարտադրված անվտանգություն Ռուսաստանից գնել։

-ՀԱՊԿ-ի անդամ է Հայաստանը, թերևս, այդ պատճառով է ՌԴ-ից կախված մեր պետության անվտանգությունը․․․

-Իսկ ինչո՞ւ ենք ՀԱՊԿ-ի անդամ։ Լա՛վ, ճարահատյա՞լ ենք մտել ՀԱՊԿ-ի մեջ, ատրճանակը պահել են գլխներիս, մտցրե՞լ են։ Ադրբեջանն էլ էր ՀԱՊԿ-ի անդամ, բայց դուրս եկավ, գինը վճարեց՝ դուրս եկավ։ Մենք այնքան հիմարացած վիճակում ենք, որ գինը վճարեցինք՝ մեր 5․000 երեխայով, մեր հայրենիքի կարևոր տարածքներով, բայց ապրանքը չստացանք։ Սա սոսկալի է, սակավամտություն է, գոնե հիմա պետք է չկրկնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ Factor.am, 29.06.2021թ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.