ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Որպես առաջին հավաք՝ սա միանգամայն կայացած էր, ձեռք բերվեցին որոշակի կանոնակարգային պայմանավորվածություններ․ Միքայել Հայրապետյան․ 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

–Այսօր արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է․ «Պետք է փորձենք մշտական գործող ֆորմատ ձևավորել իմ մասնակցությամբ և արտախորհրդարանական ուժերի ներկայացվածությամբ: Մենք սա դիտարկում ենք որպես, այսպես ասած, մեր հանրային կյանքի, քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի օրակարգային հարցերի քննարկման հարթակ ու եթե կարելի է այսպես ասել՝ մտագրոհի տեղ, որտեղ կարող ենք բոլոր հնարավոր հարցերը քննարկել»։ Դուք նույնպես մասնակցում էիք։ Ինչպե՞ս եք գնահատում այս ձևաչափով առաջին հանդիպումը։

-Եթե կհաջողվի այդ հարթակը դարձնել քաղաքական մտագրոհի տեղ, ապա Հայաստանը մեծապես շահած կլինի ոչ միայն շոշափելի ինչ-ինչ արդյունքներով, այլև երկրում կներդրվի քաղաքական նոր մշակույթի մակարդակ, ինչն առավել էական է պահպանողականներիս տեսակետից. կավանդութացվի հեռահար մի կանոն: Որպես առաջին հավաք՝ սա միանգամայն կայացած էր, ձեռք բերվեցին որոշակի կանոնակարգային պայմանավորվածություններ:

–Պարոն Հայրապետյան, որքանո՞վ եք արդյունավետ համարում այսպիսի ձևաչափով հանդիպումները։

-Որևէ բան երաշխավորել չեմ կարող, սակայն այսօրվա մթնոլորտը հույս ներշնչում է, թե արդյունավետ կարող է լինել, մանավանդ եթե խորքում դրվի օդ ու ջրի պես Հայաստանին անհրաժեշտ այլընտրաքային, համակշռող ինստիտուտների կառավարման մեթոդաբանությունը: Ժամանակակից աշխարհում նույնիսկ գերհզոր երկրները, ելնելով իրենց համալիր անվտանգությունից, չեն կարողանում իրենց թույլ տալ կենտրոնաձիգ ու մոնոլիտ, դրանով իսկ՝ խոցելի համակարգերի շռայլություն: Կապրենք՝ կտեսնենք:

-Շատ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են մասնակցում այդ հանդիպումներին, հիմնականում նաև ռուսամետ կողմնորոշման։ Սա որևէ խնդիր չի առաջացնո՞ւմ Ձեզ համար։

-Ռուսամետները մեր հասարակության մի շոշափելի հատվածն են, ինչը անտեսել անհնար է: Եթե կյանքում գոյակցում ենք նրանց հետ, ապա քաղաքական կյանքում ևս պարտավոր ենք հաշվի առնել այդ գործոնը: Անհաղթահարելի խնդիրների առաջացման պարագայում ոչ ոք չի կարող արգելել, որ հաջողություն մաղթենք նախաձեռնությանն ու հեռանանք ասպետաբար:

–Գործնական քայլեր արդյոք որևէ կերպ կարելի՞ է իրականացնել այսպիսի հանդիպումների շրջանակում։ Մասնավորապես, ի՞նչ հարցեր եք բարձրացրել Դուք։

-Ես բարձրաձայնել եմ պետականավարման կոնցեպցիայի մի քանի հարց: Իսկ գործնական արդյունավետությունը հենց առաջին իսկ հանդիպումից կարող եմ արձանագրել: Ես իմ տարակուսանքն արտահայտեցի, թե ինչո՞ւ պետք է նորաստեղծ պարեկային ծառայության մեքենաների վրա գրված լինի ոչ հայատառ ու ոչ հայերեն: Վարչապետն անմիջապես հանձնարարեց արձանագրողներին, որ հարցը ներառեն, ու հայտարարեց, որ մեքենաների հետագա խմբաքանակը կլինի հայալեզու ու հայատառ: Առաջին անգամվա համար այս մեկ և կարևոր լուծումն արդեն իսկ քիչ չէ: Հետագայում կփորձենք այնպես անել այդ հարթակում, որ նման հարցեր բարձրացնելու խնդիր իսկ չլինի՝ ոլորտների պատասխանատուները լինեն կոմպետենտ ու պետականակենտրոն մարդիկ, ում ուղեղի ծալքերում լեզվի՝ որպես մեր ինքնության գերագույն ցուցիչ ու ազգի Հոգու առանցք՝ հարց չառաջանա:

Աղբյուրը՝ 1in.am, հեղինակ՝ Սիրանույշ Պապյան, 09․07․2021թ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.