ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Է՞լ ինչպես ասվի. Մակրոնը բացեիբաց ասաց՝ դիմեք ՄԱԿ-ին, Ֆրանսիան պատրաստ է զինուժ բերել, ՀՀ-ում ՆԱՏՕ երկրների դեսպանները միատեղ այցելեցին Սյունիք․ Միքայել Հայրաետյան․ Lragir.am

Lragir.am-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը 

Պարոն Հայրապետյան, ՀԱՊԿ–ը ամիսներ անց պատասխանում է Փաշինյանի նամակին: Կազմակերպության գլխավոր քարտուղար Զասը հայտարարել է, որ Հայաստանի հարավում սահմանային իրավիճակի սրումը չի մտնում ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ, որ այս դեպքում զոհեր չկան, կրակոցներ չկան, կա միայն սահմանային միջադեպ: Ստացվո՞ւմ է արդյոք, որ ՀԱՊԿ–ը փաստացի հրաժարվեց իր պարտավորություններից և ի՞ն չպետք է անի Հայաստանն այս դեպքում:

Այո՛, ՀԱՊԿ-ն արդեն նաև պաշտոնապես հրաժարվեց իր պարտավորություններից՝ ցույց տալով, որ ինքն առնվազն մեզ համար ավելորդ և վտանգավոր կառույց է: Առաջիկայում այն ավելի վտանգավոր կդառնա. որո՞նք են ՀԱՊԿ-ի անդամները՝ աշխարհի կողմից մերժվող ու հրե օղակի մեջ առնվող բռնապետական Ռուսաստանն ու Բելառո՞ւսը, միջինասիական թյուրքական բուտաֆորիանե՞րը: Իսկ հիմա այդ ՀԱՊԿ կոչվածը վերջնականապես կլանվելու է Արևելքի մահմեդական աշխարհի կողմից՝ նաև ՀՀ-ն չճանաչած Պակիստանի, Ադրբեջանի և այլոց հավելմամբ: Հայաստանը պարտավոր էր իր սահմանների ամեն միլիմետրը մարտերով պաշտպանել՝ զուգահեռաբար պաշտոնապես դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և մեր քաղաքակրթական դաշնակիցներին՝ ԱՄՆ-ին և Եվրոպային, մասնավորապես՝ Ֆրանսիային: Իզուր ենք միակողմանիորեն տրվել Պուտինի ողորմածությանը, որը վտանգի տակ է դրել նույնիսկ ռուսական ու բելառուսական ապագան:

Հայաստանը պետք է անվտանգության այլ երաշխիքներ և ուղինե՞ր փնտրի:

Այլ ուղիներ չկան. Միակ այլ ուղին մեր հարազատ քաղաքակրթությունն է՝ Արևմուտքը, իր ՆԱՏՕ-ով, Եվրամիությամբ, ԱՄՆ-ի հետ ուղիղ ռազմական դաշինքի հնարավորությամբ: Իսկ երաշխիքը մեր քաղաքական միտքը կործանարարար կարծրատիպային կապանքներից ազատագրելն է:

ԵՄ–ն 1,5 մլրդ եվրոյից ավելի գումար է հատկացնելու Հայաստանին 5 ծրագրեր կյանքի կոչելու համար, այդ թվում Սյունիքի մարզում: Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը, ինչ մեսիջներ է այն պարունակում:

Նախ՝  նմանատիպ օգնություն հատկացվել է նաև Ադրբեջանին, որի չափերի մասին մեր լրատվամիջոցները լռում են. այսինքն՝ երբեք չափից ավելի ոգևորվել պետք չէ, հորթային հրճվանք պետք չէ: Երկրորդ՝ դա նույնիսկ մեսիջ՝ ուղերձ չէ, այլ, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, «էշին ասված ուղիղ խոսք»: Է՞լ ինչպես ասվի. Ֆրանսիայի նախագահը բացեիբաց ասաց՝ դիմեք ՄԱԿ-ին, Ֆրանսիան պատրաստ է զինուժ բերել, ՀՀ-ում ՆԱՏՕ-ական երկրների դեսպանները միատեղ այցելեցին Սյունիք, ԱՄՆ տիկին դեսպանը գնաց, կանգնեց հայ-իրանական սահմանին… Մենք պարտավոր ենք կատարել մեր քաղաքակրթական ընտրանքը, այլապես ավելորդ օրգան ենք դառնում տարածաշրջանի ընդհանուր օրգանիզմում: Աշխարհը մեծ պատերազմների նախաշեմին է, իսկ մենք մոլորված ցցվել ենք մեջտեղում:

Պուտինն ու Մակրոնը պատրաստակամություն են հայտնել համակարգել ԼՂ խնդրի կարգավորման տարբեր ասպեկտներ: Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը:

Այնքան էլ լիահույս չեմ այս նախաձեռնությանը, քանի որ բարեկամ Ֆրանսիան պատերազմի օրերին, երբ Թրամփի վարչակազմը կանաչ լույս էր վառել ռուս-թուրքական տանդեմի առջև, միայնակ չկարողացավ ոչինչ անել, թեև ամբողջ թափով գործեց մեզ համար, ինչի համար հայ ժողովուրդը երախտապարտ է թե՛ Ֆրանսիայի հարգարժան նախագահին, թե՛ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ֆրանսիան այն ժամանակ կհաջողի կասեցնել Պուտինի թյուրքական աշխարհմոտեցումը, երբ մեր երկիրն էլ ընդառաջ քայլեր անի ու հասկանա, որ ԱՄՆ-ում հիմա ստեղծված է մեզ համար բարենպաստ վիճակ: Բայց, ցավոք, մեր երկրի իշխանությունը շարունակում է սպասարկել կրեմլյան խելագար օրակարգը:

Աղբյուրը՝ Lragir.am. հարցազրուցավար՝ Սիրանույշ Պապյան, 05․07․2021թ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.