ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ԱԺ մեկնարկը բուռն թշնամանքի և ատելության, գալիք տուրբուլենտության և քաոսի վկայություն է. Միքայել Հայրապետյան․ 1in.am

Lragir.am-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում ութերորդ գումարման ԱԺ–ի անդրանիկ նիստը, երբ ռադիկալ դիրքերից հանդես եկող ընդդիմությունը համայնքապետերի ազատության հարցն էր բարձրացնում։ Արդյոք նման մեկնարկը հուշում է խորհրդարանական բուռն աշխատանքի մասին։

Չեմ կարծում, թե խորհրդարանական ընդդիմությունն արմատական դիրքերից հանդես եկավ առաջին նիստում: Արմատական դիրքը կլիներ պետության համար հիրավի ռազմավարական հարցերից սկսելը: Իսկ Ազատությունը բարձրագույն արժեք է՝ անկախ այն բանից՝ պատգամավոր դարձած համայնքապետերի է վերաբերում կամ շարքային քաղաքացու: Միայն Ազատության արժեքն իրականում գիտակցող քաղաքացին կարող է լուծում տալ Արցախի հարցին էլ, սահմանային խնդիրներին էլ, որոնք ածանցյալ են հենց Ազատության ըմբռնման և հարազատման աստիճանից: Ձեզ հետ միանգամայն համամիտ եմ. նման մեկնարկն ամենևին էլ խորհրդարանական բուռն աշխատանքի մասին չի կարող վկայել, այլ բուռն թշնամանքի և ատելության, գալիք տուրբուլենտության և քաոսի: 

Կառավարության կազմը գրեթե պատրաստ է։ Հիմնականում կանխատեսելի կադրեր են։ Արդյոք նման կազմով կարող են լրջագույն մարտահրավերներին դիմակայել, որակական թռիչք ապահովել։ Դարձյալ չկան այսպես ասած, թիմից դուրս կադրեր, ինչո՞ւ։

Թերահավատ եմ, որ շախմատային փոխատեղումներով հնարավոր է որակական թռիչք ապահովել: Իսկ որ ներկա սուր փոխատելության ու փոխբացասման մթնոլորտում կառավարությունն իրոք պետք է ձևավորվեր հենց այսպես՝ թիմային հավատարմության սկզբունքով, հույժ բնական է և օրինաչափ, այլապես այնպես ոտքի տակից կքաշվի իշխանությունը, որ չեն էլ հասցնի նկատել: Եվ մի՞թե հիմա որևէ ողջամիտ անհատ, եթե անդառնալի անձնապաստան կարիերիստ չէ, կհամաձայնի երեկվա-այսօրվա իշխանության հետ կիսել նախընթացող ողբերգության պատասխանատվության բեռը, մանավանդ երբ իշխանությունը զարգացման կոնկրետ ուղենիշեր դեռ չի զորում հայտարարել բացի հոգնեցրած կարգախոսների կրկնությունից:

Հայաստանի արտաքին մարտահրավերները և ներքին իրավիճակը որքանո՞վ են համարժեք։ Որքանո՞վ է ներքաղաքական դաշտը ադեկվատ արձագանքում ներքին խնդիրներին։

Արտաքին մարտահրավերներն ու ներքին վիճակը միանգամայն անհամարժեք են, ցավոք: Իշխանությունն էլ, խորհրդարանական ընդդիմությունն էլ զբաղված են միմյանց հետ հաշիվներ մաքրելով: Մեկի գերխնդիրն ամեն գնով իշխանությունը պահելն է, մյուսինը՝ ամեն գնով խլելը, մինչդեռ այդ խելահեղության գինը վճարողը՝ հաշիվը փակողը, ժողովուրդն է լինելու ու մեր երկրի կարգաբանական աստիճանը: Այսօր մեր երկիրը վճռական ճամփաբաժնի առջև է, իսկ ժողովուրդը՝ խորը շվարման մեջ: 

Այսպիսի խորհրդարանը որքանո՞վ երկար կյանք կարող է ունենալ։

Հայաստանի իշխանությունների երկարակեցության բանալին գոնե այս պահին Հայաստանում չէ: Խորհրդարանի կյանքի տևողությունն առաջին հերթին կախված կլինի տարածաշրջանային զարգացումների արագությունից ու որակից. Իսկ թե դրանք ինչքանով ու ինչպես կազդեն մեր քաղաքական ինստիտուտների վրա, կախված է մեր քաղաքական դասի իմաստությունից ու կամքից: Ըստ այսմ՝ չի բացառվում, որ այս խորհրդարանը գործի մինչև իր ժամկետի վերջը: Չի բացառվում, որ լուծարվի շատ արագ, ցավոք, չի բացառվում, որ ո՛չ լուծարվի ու ո՛չ էլ գործի, այլ Հայաստանը հայտնվի անիշխանական վտանգավոր վիճակում: Մեր երկիրը հայտնվել է քաղաքակրթությունների բախման խաչմերուկում, որտեղ խափանված են լուսացույցները. Իսկ այդ վիճակում ամեն բան է հնարավոր՝ ամենահավանական վթարներից մինչև շատ քիչ հավանական կարգապահ ու փոխզիջող երթևեկություն:

Աղբյուրը՝ 1in.am, հարցազրուցավար՝ Սիրանույշ Պապյան, 03․08․2021թ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.