ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Որևէ արդյունք դեռ չի գրանցվել. Հավանաբար ինչ-ինչ հաշվարկներ ունեցել են այս նախաձեռնությունը սկսելիս․ Միքայել Հայրապետյան․ 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

–Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի երկրորդ նիստին: Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում այս նիստերի արդյունավետությունը և նպատակահարմարությունը։

-Արդյունավետության  մասին իմ թերահավատությունը Նիկոլ Փաշինյանին փոխանցել եմ սկզբնական մեր առանձնազրույցում: Բայց եթե դա անգամ փոքր-ինչ հնարավորություն է ընձեռում կողմնակիորեն ազդել մեր պետության համար ճակատագրական իրադարձությունների վրա, ապա մեր պարտքն ենք համարել մասնակցել, որ երբևէ Բարձրյալի դատաստանի առջև կանգնելիս բաց ճակատ ասենք, որ մեզնից կախվածն արեցինք անմնացորդ: Նպատակահարմարությունը երևի պետք է դիտարկել իշխանության տեսանկյունից. հավանաբար ինչ-ինչ հաշվարկներ ունեցել են այս նախաձեռնությունը սկսելիս: Մեր պարագայում նպատակահարմարության խնդիր չկա. մենք մեր ասելիքը ոչ հանրային ԶԼՄ-ներով ասել և ասում ենք, իսկ հանրայինն ինչպես փակ եղել է մեզ համար, այնպես էլ շարունակում է փակ մնալ:

– Այս անգամ նիստի օրակարգում նախ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին արտախորհրդարանական ուժերի մասնակցության հարցն էր։ Որոշում ունե՞ք՝ մասնակցելու եք արդյոք այդ նիստերին։ Առհասարակ, ի՞նչ կարծիք ունեք նման հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին։

-Արտախորհրդարանական միավորների կողմից այդ հանձնաժողովին քվեարկությամբ որոշվեց, որ կմասնակցեն պարոնայք Դավիթ Սանասարյանը, Սամվել Բաբայանը և Նորայր Նորիկյանը: Մենք ցանկություն չենք ցուցաբերել անձնապես ներգրավվել այդ հանձնաժողովում, քանի որ վստահ ենք, թե 44-օրյա պատերազմի, ինչպես նաև մինչ այդ եղած քառօրյայի, մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի հանգամանքները կարող են բացահայտվել միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դուրս կգա ռուսական ուղեծրից: Մինչ այդ ճշմարտությունը գալու և կանգ է առնելու մի որոշակի կետում, օբյեկտիվորեն չի բացահայտվելու մինչև վերջ:  Բայց հանրային հույզերին գոնե մինչև այդ սահմանը որոշ բավարարում տալու համար, իհարկե, նման հանձնաժողովի ստեղծման հանրային պահանջ կար, որին ընդառաջ գնացին խորհրդարանական բոլոր ուժերը:

– Որևէ արդյունք այս նիստերին գրանցվե՞լ է, պարոն Հայրապետյան։

– Իմ գնահատմամբ՝ որևէ արդյունք դեռ չի գրանցվել. ես մնում եմ իմ նախնական թերահավատության տեսակետին: Մեծ ցանկության դեպքում՝ կարող ենք արդյունք համարել այն, որ, ինչպես ճիշտ նկատել էր Տիգրան Խզմալյանը, փորձ է արվում քաղաքական մենախոսության մշակույթից անցնել քաղաքական երկխոսության մշակույթի. դա էլ երևի քիչ չէ ապամշակութայնացված մեր իրականության մեջ:

– Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ի՞նչ դիտարկումներ ունեք։ Արդյո՞ք կառավարման համակարգ պետք է փոխվի, թե՞ ոչ։

– Այդ թեմայով արդարադատության նախարարության կազմակերպած հանդիպմանը Պահպանողական կուսակցության ներկայացուցիչը մասնակցել է: Հայաստանի համար մենք ամենից արդյունավետն ենք համարում նախագահական համակարգը, իսկ մեծ դիմադրության դեպքում՝ առնվազն կիսանախագահականը, ինչպիսին կար մինչև սահմանադրական չարաբաստիկ բարեփախումները: Մենք նաև այլ կուսակցությունների հետ արդարադատության նախարարությանը պաշտոնապես հանձնել ենք Պարույր Հայրիկյանի հեղինակած Սահմանադրության մի նախագիծ, որն օրենքի խախտմամբ՝ իշխանության կողմից ցայժմ մնացել է անպատասխան. մենք շարունակում ենք հարգել մեր ստորագրությունը՝ որպես հիմք պաշտպանելով Հայրիկյանի տարբերակը:

Աղբյուրը՝ 1in.am, 14․09․2021թ, Սիրանույշ Պապյան

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.