ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հետխորհրդային հանրապետությունները կանգնած են երկրորդ անգամ իրենց անկախությունը հռչակելու փաստի առջեւ: Դա արդեն արեցին Վրաստանը եւ Ուկրաինան. հերթի են մյուսները: Եթե պորտալարը դեռ չենք կտրել գռեհիկ-մատերիալիստական մտածողությունից, ապա կարող ենք ասել, որ դա Արեւմուտքն արեց, մինչդեռ Արեւմուտքը լավագույն դեպքում կարող էր միայն աջակցել իրենց մտքի մեջ արդեն իսկ իրենց անկախությունը հռչակած վրացիներին եւ ուկրաինացիներին. մինչեւիսկ Աստված նախ իր ներսում որոշեց արարել, ապա նոր միայն արարեց, իսկ վերջում էլ տեսավ, որ լավ է:


ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հետխորհրդային հանրապետությունները կանգնած են երկրորդ անգամ իրենց անկախությունը հռչակելու փաստի առջեւ: Դա արդեն արեցին Վրաստանը եւ Ուկրաինան. հերթի են մյուսները: Եթե պորտալարը դեռ չենք կտրել գռեհիկ-մատերիալիստական մտածողությունից, ապա կարող ենք ասել, որ դա Արեւմուտքն արեց, մինչդեռ Արեւմուտքը լավագույն դեպքում կարող էր միայն աջակցել իրենց մտքի մեջ արդեն իսկ իրենց անկախությունը հռչակած վրացիներին եւ ուկրաինացիներին. մինչեւիսկ Աստված նախ իր ներսում որոշեց արարել, ապա նոր միայն արարեց, իսկ վերջում էլ տեսավ, որ լավ է:

Իսկ ո՞րն է մեր մտքում:

Մեզ թեեւ ոչնչով հնարավոր չէ զարմացնել, բայց մենք ամենազարմացածն ենք: Ասենք, զարմանում ենք, նույնիսկ նախարարի մակարդակով, թե ինչու քրիստոնյա Արեւմուտքը ստուգում է Քելբաջարն ու Զանգելանը, բայց չի ստուգում Շահումյանն ու Գետաշենը: Զարմանում ենք, որովհետեւ մտածողության ու աշխարհընկալման ապահամակարգի մեջ ենք հայտնվել` այս էլ արդեն քանի հարյուրամյակ:

Զարմանում ենք ու մեր զարմանքով զարմացնում աշխարհին:

Ավարայրի հետեւանքներն անվիճարկելի են միայն Հայ եկեղեցու համար, թեեւ նրա համար էլ երեւի անհասկանալի է բարոյական հաղթանակ կոչվածը: 451թիվն ազգային այն ճամփաբաժանն էր, երբ «աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեությունն ընդունած» ազգը դուրս դրվեց ոչ միայն համաքրիստոնեական քաղաքակրթական ճամբարից, այլեւ, որպես գործոն, համաշխարհային բոլոր կարգի գործընթացներից: Եվ դա միայն պետության ճակատագրի կանխորոշում չէր, այլեւ մի ողջ ժողովրդի նոր հոգեկերտվածքի եւ աշխարհընկալման:

Մենք ինքներս մեզ դուրս դրեցինք համաշխարհային զարգացման ռացիոնալ տրամաբանությունից եւ մշտապես մեզ ներշնչեցինք, թե մերժելով աշխարհին, միեւնույն է` նրա մասն ենք, եւ պարտավոր են մեր հանդեպ կատարել ինչ-ինչ պարտավորություններ: Եվ հորինեցինք իռացիոնալ կատեգորիաներ, որի ճիրաններից այդպես էլ դուրս չենք գալիս:

19-րդ դարավերջին, երբ Հայ եկեղեցին իր տեղը սկսեց զիջել այլ ինստիտուտների, դրանք, ի տարբերություն ռեֆորմացիայի եւ լուսավորչականության փուլեր անցած զարգացող աշխարհի, հայության համար եղան սոսկական փոխարինող-կրողը կղերական (չշփոթել հոգեւորի հետ), քարացած, ավանդական աշխարհընկալման: Որքանով աղանդավորական էր ընկալված մեր եկեղեցին քրիստոնեական աշխարհում, նույնքան աղանդավորական բնույթ ունեցան նաեւ մեր քաղաքական առաջին կազմակերպությունները:

Ապշեցուցիչ այդ աղանդավորականությունը չի թոթափել մեր այսօրվա պետությունը: Այսօր էլ մեզ, ավելի քան 1500 տարի առաջվա պես, թվում է, թե կարող ենք հրաժարվել անվտանգության այն համակարգի կանոններից, որի մասն ենք ինքնահռչակվել, հակառակել նրա օրենքներին, եւ միեւնույն ժամանակ ակնկալել, ավելին` հաստատակամորեն հուսալ, որ այդ նույն համակարգը պարտավոր է նեցուկ լինել մեզ:

Ինչպես 451-ին քրիստոնյա Արեւմուտքը հրաժարվեց պաշտպանել մեզ` իրեն անպատվածներիս, այլադավան Արեւելքի դեմ, այնպես էլ այսօր չի՛ կարող Արեւմուտքը դաշնակիցը լինել մեր հիմարության, մեր աղանդավորության: Նույնպես եւ Ռուսաստանը չի կարող, ինչքան էլ բղավենք, թե մենք 1700 տարի է իրենց հետ ենք: Դեռ լավ է, որ մի լրացուցիչ պատժի էլ չենք արժանանում այն պատճառով, որ մինչեւ այսօր չենք հասկացել, թե որտեղ ենք եղել:

Հավիտենական Ավարայրն է իշխում մեր ուղեղներում: Իսկ թե ինչի է բերում դա, պարզ է մեր պատմությամբ: Մենք այսօր ունենք այնքան բնակչություն, ինչքան Ավարայրի ժամանակ, եւ 10 անգամ ավելի փոքր ու խոցելի Հայրենիք, քան Ավարայրի ժամանակ: Եվ եթե իրականում ինչ-որ առնչություն ունենք քրիստոնեության հետ, ապա պիտի վերջապես պատկերացնենք, որ մեր ճակատագրի ու պատմության մեջ բեկում կարող է լինել միայն այն ժամանակ, երբ այդ բեկումը լինի մեր մտածողության մեջ:

Իսկ մտածողության մեջ մենք կառչած ենք դեռ բարոյական հաղթանակների, հավերժ բարեկամների ու թշնամիների եւ նմանատիպ կարծրատիպերից, այն դեպքում, երբ աշխարհում 451-ից ի վեր արագություններ են զարգացվել: Այդ արագություններին բախվելով մենք փոշիացել ենք մինչեւ 30 հազար քառակուսի կիլոմետր, մինչեւ ամենատարրական բաները անկեղծորեն չհասկանալու աստիճան: Մենք տասնյակ «տիեզերաժողովներ» ենք բաց թողել 451-ից ի վեր: Անշուշտ, միշտ էլ եղել են Մլեհի ու Դավիթ Բեկի, Տերյանի ու Չարենցի... պես անհատականություններ, բայց մեծ առումով տանուլ են տվել հանուն սթափ դատելու մղված հազարամյա պատերազմը: Լեոն շատ դիպուկ է գրում. «Հայ ժողովուրդը միանգամայն զրկված չէ իրերն իրենց իսկական արժեքով ու նշանակությամբ տեսնելու եւ կշռադատելու ընդունակությունից: Բայց դրա եզակի վկայությունները մնում են կղզիացած եւ առանձնացված՝ իբրեւ անհասկանալի, հալածվող բացառություններ՝ հայ կղերական դիվանագիտության կատարյալ եւ անսահմանափակ տիրապետության ներքո»: Դա մենք տեսանք, դա ինքներս շարունակեցինք 1998-ից, երբ ինքնամոռաց մոլեռանդությամբ չհասկացանք, հալածեցինք ու մերժեցինք այդ «եզակի, կղզիացած, առանձնացված» բանականությունը` 451-ի օրինակով կրկին կանգնեցնելով մեր սթափության ժամացույցը, որ աշխատել էր սկսել պետականության վերականգնման պահից:

Գուցե վերջապես հաշտվենք այն մտքի հետ, որ մենք ինքներս խանձարուրում խեղդեցինք Երրորդ հանրապետությունը: Առ այսօր մենք նույնիսկ չենք հաշտվել, որ Տիգրան Մեծի կայսրությունն ավարտվել է ավելի քան երկու հազար տարի առաջ, ուստի չենք էլ կարողանում պատկերացնել, որ այդպիսի կայսրությունների ժամանակն էլ է անցել մոլորակի վրա: Եվ այս անհաշտությունը մեր եւ մեր միջեւ` մեզ դարձրել է դառնացած ու դժբախտ, լալկան ու հոխորտացող, այլամերժ ու այլապաշտ: Մտածելակերպի այդ կախարդական շղթան մի տեղից նորից ճեղքել է պետք, ինչպես 1991-98-ին էինք անում, եւ արարումը հեռու չէր: Բայց չհաջողվեց, ճեղքը լցվեց աղբով, ու շղթան կրկին փակվեց:

Անցյալ պատմությունը փորփրելը լալու կամ ոգեւորվելու համար չէ. այն դասեր քաղելու համար է: Իսկ այդ դասն այսօր մեկն է` մեզ պետք է նոր Ավետյաց երկիր` Չորրորդ հանրապետություն` իր նոր քաղաքացիով, որ ազատ է, ինչպես Չարենցը կասեր, «ուղեղային մորմոքից ու սրտի հիվանդությունից», իր նոր Սահմանադրությամբ, իր նոր օրհներգով, իր նոր դրոշով ու զինանշանով, որ կապ կունենա ոչ թե մեր խեղճության կամ կապկելու հետ, այլ այն արժեքների, որ մի անգամ շատ վաղուց ու նորերս փորձել էինք դավանել, բայց չէր հաջողվել:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

«Չորրորդ իշխանություն», 2005թ., փետրվարի 4

«Նոր Հայաստան» (ԱՄՆ), 2005թ., փետրվարի 19

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.